«Ալյանս» կուսակցության պետական գրանցումը մերժվել է

2015-07-28
«Ալյանս» կուսակցության պետական գրանցումը մերժվել է

Ս.թ. մայիսի 16-ին հազարից ավելի ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ հիմնադրվեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը: Ընդամենը երկու ամիս անց այդ մարդկանց թիվը կրկնապատկվեց: Անընդհատ բացվում են կուսակցության տարածքային գրասենյակներ ՀՀ տարբեր մարզերում ու քաղաքներում: Կուսակցության վարչության և հանձնաժողովների ակտիվ աշխատանքը օրեցօր ընդլայնում են կուսակցության ճանաչումն ու ժողովրդականությունը: Կուսակցության քաղաքական կուրսը և երկրում իրականացվող անարդյունավետ կառավարման ու դրանում պատասխանատուների նկատմամբ խիստ քննադատությունն ու պահանջատիրությունը, բնականաբար պետք է առաջացներ որոշակի հակազդեցություն «Ալյանս»-ի նկատմամբ: Ուստի, հենց այս տեսանկյունից ենք գնահատում իշխանությունների կողմից` ՀՀ արդարադատության նախարարության ձեռքերով, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության պետական գրանցումը մերժելը: Մենք ընդունում ենք մեզ ուղղված մարտահրավերը. սա միայն քառապատկելու է մեր ներուժը: Հարկադրված, կուսակցությունը առաջիկա օրերին կանցկացնի նոր համագումար և կպարտադրի իր իսկ գրանցումը` գործող օրենքի շրջանակներում: Լրատվական ծառայություն