Տիգրան Ուրիխանյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց «Ալյանսի» նախագահ

20:56 | 16.05.2015

Տիգրան Ուրիխանյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց «Ալյանսի» նախագահ

ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանն այսօր՝ մայիսի 16-ին, իր հիմնադրած «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջին համագումարին ձայների մեծամասնությամբ (միայն երկու դեմ եւ ութ ձեռնպահ) ընտրվեց կուսակցության նախագահ:

Կուսակցության համագումարին հրավիրված 1157 պատվիրակներից ներկա է եղել միայն 1017-ը, որից 1007-ը քվեարկեցին Տիգրան Ուրիխանյանի օգտին:

Համագումարի ընթացքում հաստատվել է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ինչպես նաեւ տեղի է ունեցել վարչության եւ վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն:

Հիշեցնենք, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն էր տարածել եւ նշել, որ ԲՀԿ-ում իր մնալն այլեւս աննպատակահարմար է: Նա ասել էր, որ ընդունել է հազարից ավելի «ազնիվ ու պարկեշտ իր համախոհների» առաջարկն ու մասնակցում է «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու է պայքարը հանուն ապագայի: Նա դիմել էր մարզահամերգային համալիրին, որպեսզի մայիսի 2-ին դահլիճ տրամադրեն համագումարի համար, սակայն ազատ դահլիճ չկար: Դրանից հետո դիմել էին Կառավարության նիստերի դահլիճը վարձակալելու համար: «Քաղաքացիական շտաբի» նախաձեռնող խումբը որոշում է կայացրել հիմնադրելու «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը:

Xnews.am

  • Կիսվել`

Վերջին լուրերը