«Ալյանսի» ձևավորումը հանրային պատվեր

14:18 | 13.05.2015

«Ալյանսի» ձևավորումը հանրային պատվեր

Մի քանի օր հետո՝ մայիսի 16-ին, տեղի կունենա Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարը, որին հրավիրված են ընդդիմադիր դաշտի բազում ներկայացուցիչներ: Ի՞նչ գաղափարներ ու սկզբունքներ է որդեգրելու նոր «Ալյանսը» եւ ինչո՞վ է տարբերվելու դաշտում գործող մյուս ընդդիմադիրներից. այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Տիգրան Ուրիխանյանի հետ:

- Ձեր նախկին կուսակցության՝ ԲՀԿ-ի հետ կատարվածից հետո, թվում էր, հայաստանյան ընդդիմադիրները դեռ երկար ժամանակ կլռեն, մինչդեռ Դուք որոշեցիք նոր կուսակցություն հիմնել: Հայաստանի կուսակցությունների առատության պարագայում հնարավոր կլինի՞ նոր խոսք հնչեցնելու, ի՞նչ գաղափարներ ու սկզբունքներ է որդեգրելու «Ալյանսը», ինչո՞վ է տարբերվելու դաշտի մյուս ընդդիմադիրներից:

- Եթե դուք եւ մեր մյուս գործընկերներն ու հանրությունը գիտակցում եք, թե ինչ տեղի ունեցավ եւ ԲՀԿ-ի, եւ հատկապես ոչ իշխանական ուժերի միավորման հետ, եւ ամբողջ բուրգը պայթեց՝ քաղաքական դաշտում առաջացնելով սեւ անցք՝ դրանից բխող չափազանց վտանգավոր հետեւանքների հնարավորությամբ հանդերձ, ուղղակիորեն օրվա հրամայական էր ձեւավորել ՀՀ-ում այնպիսի քաղաքական ուժ, որը շարունակելու է խոսել եւ 40 տոկոսանոց աղքատության մասին, եւ սարսափելի գործազրկության ծավալների, եւ տնտեսական անկման տեմպերի ինտենսիվացող դինամիկայի մասին, եւ ճգնաժամային արտագաղթի, թալանի եւ շատ ու շատ բաների մասին: Դեռեւս մնացել են մարդիկ եւ միավորվելու պոտենցիալ ունեցող ուժեր, որոնք շարունակելու են խոսել, որ այսօրվա նախարարները, ասենք՝ Վաչե Գաբրիելյանը նախորդ կառավարության Վաչե Գաբրիելյանից շատ չի տարբերվում: Այսպես կարելի է թվարկել բոլորի մասին, որ այսօրվա ֆիզիկական անձինք նախորդներից չեն տարբերվում իրենց գործելակերպով, որ միայն վարչապետի փոփոխությունը, ցավոք սրտի, չբերեց այն սպասելիքների բավարարմանը կամ դեռեւս չի բերել, որոնք մարդիկ ունեին Տիգրան Սարգսյանի հեռացումից հետո: Որ սպասելիքները երկրի կառավարիչների նկատմամբ՝ սկսած նախագահից, կառավարությունը ներառյալ, վերջացրած առանձին ոլորտներով, մարզերով ու համայնքներով, ինչպիսին կար, այնպես էլ շարունակվում է: Որպես սրա հետեւանք, անհրաժեշտ են այն համակարգային ամբողջական փոփոխությունները, որոնց մասին մինչեւ փետրվար խոսում էինք: Այս ամենը շարունակելու, ասելու, պահանջելու եւ անելու համար մարդիկ են պետք եւ քաղաքական ուժեր են պետք: Կարծում եմ՝ ասածիս հետ համաձայն է մեր բնակչության բացարձակ մեծամասնությունը, ես խոսում եմ ոչ միայն ուղղակիորեն վիճակից դժգոհ մարդկանց մասին, այլեւ սեփական կարծիք ունեցող եւ իրավիճակի վրա ազդելու ցանկություն ունեցող մարդկանց մասին, հետեւաբար, «Ալյանսի» ձեւավորումը հանրային պատվեր է: Այսինքն՝ ոչ իշխանական ուժերի ներքին քաղաքական կուրսը պիտի շարունակվի:

- Ինչպե՞ս, ի՞նչ գործիքներով, ի՞նչ քայլերով: Չէ՞ որ Ձեր նախկին կուսակցությունը, որը համարվում էր ընդդիմության ֆավորիտը եւ ուներ մեծ ռեսուրսներ, չկարողացավ իշխանափոխության ծրագիրն ավարտին հասցնել, ավելին՝ մեկ օրում փլուզվեց:

- Միակ գործիքով, միակ հնարավորությամբ, որը ես տեսնում եմ, եւ եթե դա հաջողվի (ես վստահ չեմ, որ ամեն ինչ կհաջողվի), առաջին քայլը համագումարն է, երկրորդ քայլը համահանրապետական կառույցի ձեւավորումն է՝ իր ամբողջ ենթակառուցվածքներով հանդերձ, այն ժամանակ արդեն ակնհայտ կդառնա՝ ստացվո՞ւմ է, թե՞ չէ, բայց եթե հաջողվի դա՝ բացառապես կիրթ եւ պարկեշտ, ազնիվ հմտություններ ունեցող ու անպայման սեփական կարծիքը ձեւավորող, դեռեւս Հայաստանում մնացած փոքրաթիվ մարդկանցով: «Ալյանսում» տեղ չեն ունենալու նրանք, ովքեր ունեն ազդեցություն, բայց չունեն սիրտ ու հոգի, ովքեր ունեն փող, բայց չունեն գիտելիք, ունեն հնարավորություններ, բայց ընդունված չեն ժողովրդի կողմից: Ենթադրում եմ՝ դուք եւ ձեր ընկերները լավ գիտակցում եք, թե ով ինչ վարկանիշ ունի, հանրության հետ ով ինչ շփման ձեւաչափ ունի եւ ընկալելու հանրային պահանջ, մարդկանց մատուցելու քաղաքական առաջարկի հնարավորություն ունի: Կներեք, առանց ավելորդ համեստության, հաշվի առնելով անցած ճանապարհն ու դրանից բխող մեր հանրության որոշակի վստահությունը, դա էլ կլինի մարդկային ռեսուրսի պլատֆորմ «Ալյանսի» ձեւավորման համար: Ինչ վերաբերում է գաղափարախոսությանը՝ մենաշնորհներից ազատվելու, երկիր մտնող եւ երկրում առկա նյութական միջոցների արդար շրջանառությանը հասնելու միակ ձեւը համակարգվող տնտեսությունն է, երբ տրվում է մարդկանց ազատ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, հարկեր վճարելու եւ պետական բյուջե գոյացնելու, բայց նաեւ դրա հետ տեղի է ունենում պետական կառավարում տնտեսական դաշտում, որպեսզի չկարողանա մեկը, քաղաքական կախվածություն ունենալու եւ իր հանդեպ պարտավորություններ ձեւավորելու արդյունքում բացարձակ գերիշխող դիրք զբաղեցնելով, իրականացնել մենաշնորհային ներկրում, մենաշնորհային արտադրություն, սպասարկում:

- Այդ մասին խոսել են եւ շարունակում են խոսել բոլոր ընդդիմադիրները, Դուք ինչպե՞ս եք պայքարելու, պարտադրելու դաշտը որտե՞ղ է՝ փողո՞ցը, թե՞…

- Միայն հնարավորությունների միջոցով, իսկ թե ինչպիսի հնարավորություն կունենանք, ինչպիսի հնարավորություններ կտրվի զանգվածի կողմից, ժողովրդի կողմից (հատուկ օգտագործեցի «զանգված» բառը, որովհետեւ ժողովուրդը զանգվածայնորեն պետք է մասնակցություն ունենա մեր գործողությունների պլանի, մեր առաջարկների մեջ), այդպիսի ճանապարհ էլ կընտրվի: Հիմնադրման պահին հաստատելու ենք մեր ընթացիկ ծրագիրը, որտեղ արտահայտվում են մյուս կուսակցություններից բացարձակ տարբերվող, առաջարկվող լուծումներ, օրինակ, արտակարգ տնտեսման ռեժիմի անցումը, որի մեջ մտնում է բացարձակ տնտեսումը պետական ապարատի համար, չի կարող միջին ու միջինից ցածր պաշտոնյան երթեւեկել մի քանի տասնյակ հազար դոլարանոց մեքենայով, երբ երկրում կան դեղորայքի կարիքի անբավարարումից մահացող մարդիկ, 40 տոկոս աղքատություն եւ այսպես շարունակ:

- Հիմա «Ալյանսն» իշխանափոխությո՞ւն է ուզում, թե՞ համակարգային փոփոխություններ:

- Ինչպե՞ս կարող է համակարգային փոփոխությունն առանց իշխանափոխության լինել:

- Ի՞նչն է պակասել մինչ այժմ գործող ընդդիմադիրներին, որոնք ոչ վաղ անցյալում հրապարակներ էին լցնում, զանգվածներ համախմբում, բայց այդպես էլ չեն հաջողել իշխանափոխության հարցում: Նրանք ոչ փողի, ոչ մարդկային ռեսուրսի խնդիր չունեին:

- Ես չէ, որ իմ համեստ դիրքերից պիտի քննադատեմ կամ մեղադրեմ նախորդներին, բայց վերլուծություններ, անշուշտ, արվում են, եզրակացություններ՝ նույնպես, տեսնում եմ նաեւ պատճառներ, որոնց արդյունքում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, բայց, կոռեկտությունից ելնելով, ես չեմ կարող վերլուծությանս մեջ թույլ տալ հրապարակային քննադատություն իմ նախկին եւ որոշ ներկա գործընկերների մասին:

- Բայց պետք է, չէ՞, հստակեցվի, թե ինչ եք անելու, որ հանրությունը ձեզ վստահի եւ գա ձեր հետեւից, որն արդեն հոգնել է կուսակցություններից ու անհատներից:

- Ոչինչ, բացի նրանից, ինչ արել ենք տարիների ընթացքում, պարզապես շարունակելու եմ իմ գործն այն ոճով, որով արել եմ, այն հռետորաբանությամբ, որով հանդես եմ եկել: Պարզապես շարունակելու եմ անփոփոխ այն, ինչ արել եմ, կհավատան մարդիկ, թե չեն հավատա, դա, ի սեր Աստծո, ամենեւին էլ իմ խնդիրը չէ, դա երկրում ստեղծված քաղաքական տուպիկից դուրս գալու խնդիրն է: ՀՀ-ն գտնվում է քաղաքական փակուղում, որում նախեւառաջ իշխանությունների խնդիրն է, որոնք քաղաքական դաշտի հետ վարվեցին այնպես, ինչպես վարվեցին, երկրորդ հերթին՝ նոր քաղաքական հարթակի մյուս դերակատարների: Փակուղուց դուրս գալու ճանապարհը ես տեսնում եմ հանրության համապատասխան հատվածի հետ թիրախային աշխատանքով, մեր առաջ դնում ենք խնդիր՝ հավաքելու բացառապես այն պոտենցիալը, որը կմեկտեղեն կիրթ, պարկեշտ, հանրային շահը գիտակցող, սեփական կարծիք ունեցող մարդիկ:

- «Ալյանսի» կազմը հույժ գաղտնի եք պահում, դրան զուգահեռ, մամուլը բացահայտում է անուններ, որոնք նախկին նախագահի եւ գլխավոր դատախազի հետ են կապվում, նրանց մտերիմների շրջանակից են:

- Գաղտնիության մասով՝ մի քանի օրից կտեսնեք բոլորին: Գլուխը քարին է տվել նա, ով կարող է մեզ կապել ինչ-որ մի ուժի, անհատի, բեւեռի, երեւույթի հետ, որը կարող է ունենալ միանձնյա ազդեցություն կամ մեզ համար անընդունելի ցանկացած ազդեցություն՝ լինի միանձնյա, թե ոչ: Ինձ հայտնի մարդիկ են նաեւ գլուխը քարը տվողների շարքում, ովքեր պարապուրդի մատնվելու արդյունքում նստում-ելնում ու հնարովի պատմություններ են տեղեկատվական դաշտ նետում՝ իբր ինձ աջակցողների կամ նյութական սուղ վիճակի մասին. մենք փոքրիկ երկիր ենք, եւ ցանկացած ոք կարող է գալ մտնել մեր խոհանոց եւ տեսնել, թե ինչ է տեղի ունենում: Վերջին հաշվով, պարապուրդի մատնվածներին հորդորում եմ գիտակցել, որ կան մարդիկ, ում անցած ճանապարհը գնահատվում է, որոնք շարունակում են անշեղորեն քաղաքական կուրս իրականացնել, եւ դա գնահատվում է, ովքեր ունակ են կոնտակտ ապահովել հանրության ընկալող հատվածների հետ, իսկ մյուսներին գիտակցաբար եւս ընդունել որպես իրենց գործունեության շահառուներ: Քաղաքական դատարկ դաշտում (ես «դատարկ» բառն օգտագործում եմ՝ հաշվի առնելով հանրային պահանջարկը), եթե ես համարեի, որ մյուս կուսակցություններն ամբողջապես բավարարում են քաղաքական դաշտում, ես չէի լինի նոր կուսակցության հիմնադիրներից մեկը: Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր փնտրում են ինչ-որ երեւույթներ «Ալյանսի» ստեղծման, հնարավորությունների, մարդկային ռեսուրսների մասին, հիշեցնում եմ, որ ՀՀ-ում մոտ 10 տարի գործում էր Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, որի վերջին համագումարին բոլորի աչքի առաջ ինքնալուծարվեց այնպիսի մի թիմ, որակյալ մարդկային ռեսուրս, որի առկայությունը բոլորի բերանները պետք է փակի:

- Ի դեպ, Ձեր քաղաքական անցյալն է նաեւ, որ Ձեզ խոցելի է դարձնում, շատերը կասկածներ ունեն մի քանի անգամ ձախողված եւ կուսակցությունից կուսակցություն տեղափոխված Ուրիխանյանի հանդեպ:

- Իհարկե, այդ հարցը որեւէ մեկը չի տալիս, այդ թերահավատությունը չկա, ես երբեւէ կուսակցություն չեմ փոխել, ընկերներիս, համախոհներիս հետ հիմնադրել եմ Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, ստանալով ԲՀԿ մտնելու առաջարկ, կուսակցափոխություն չեմ իրականացրել, միավորելով բոլոր թիմակիցներիս, ինքնալուծարման համագումարով միավորվել ենք ԲՀԿ-ի հետ, իսկ ԲՀԿ-ից առանձնացել ենք, երբ ԲՀԿ առաջնորդը դուրս եկավ քաղաքականությունից: Ինձ համար պատկերացնելու հնարավորություններից դուրս էր ԲՀԿ գործունեության ձեւաչափը Գագիկ Ծառուկյանի բացակայության կամ, ավելի կոնկրետ՝ առաջնորդի փոփոխության պարագայում:

- Համագործակցությունը ո՞ր ուժերի հետ եք պատկերացնում, գրվեց, որ հանդիպումներ եք ունենում Նիկոլ Փաշինյանի հետ, հերքումներ չեղան, բայց, այդուհանդերձ, անհասկանալի է ռուսամետ «Ալյանսի» համագործակցությունը Քաղաքացիական պայմանագրի հետ:

- Բոլոր այս տարիների ընթացքում մենք՝ ես եւ Նիկոլ Փաշինյանը, պարբերաբար հանդիպել ենք, պարբերաբար շփումներ եղել են՝ առանց էական դադարների: Այս տարիներին մենք քննարկել ենք երկրում առկա իրավիճակը եւ դուրս գալու հնարավորությունները, եւ, բնականաբար, տրանսֆորմացված քաղաքական իրավիճակում պիտի ավելի ինտենսիվ քննարկումներ տեղի ունենային: Մենք խոսել ենք այն մասին, որ հակադրելի դիրքերում չենք եւ երկուստեք մտահոգված ենք երկրի պրոբլեմներով: Պատրաստ ենք համագործակցել բոլոր ընդդիմադիր, իսկապես ընդդիմադիր ուժերի հետ, ովքեր չեն փոխի իրենց ասելիքը ժողովրդին, եւ այն կլինի համադրելի մեր ասելիքին:

Լուսինե Շահվերդյան
«Հրապարակ» օրաթերթ

  • Կիսվել`

Վերջին լուրերը