ԲՀԿ-ն դեռ շատ անելիք կարող է ունենալ

14:28 | 16.01.2016

ԲՀԿ-ն դեռ շատ անելիք կարող է ունենալ

Xnews.am-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:

-Պարոն Ուրիխանյան, Դուք քանիցս խոսել եք ընդդիմադիր ուժերի մոբիլիզացիայի մասին, միասին գործելու կոչեր եք արել, կարելի՞ է արդյոք փաստել, որ որևէ արձագանք չկա:

-Մեծ հաշվով միասնաբար գործելու կարևորությունը գիտակցում են բոլորը, բայց ոչ բոլորի համար է դա հնարավոր կամ ցանկալի: Ընդդիմության մեջ կան այնպիսիք, ում անձնական ամբիցիաները անգամներով ավելի վեր են պետության շահից, կամ սովորական մարդկային խանդը ոմանց մոտ մթագնում է քաղաքական իրատեսականությունը, իսկ ամենավատն այն է, որ ընդդիմության մեջ քաղաքական ազատություն ունեցողները, մեղմ ասած, շատ չեն: Բայց այս ամենը չի նշանակուն, որ կոչերիս արձագանքներ չեն եղել: Ես քննարկումներ եմ ունեցել համարյա բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ, որոշ դեպքերում այդ քննարկումները շոշափել են նաև մարտավարական փոխգործակցության հարցեր: Սակայն միասին գործելու ձևաչափը պահանջում է առաջին հերթին ընդհանուր ռազմավարական խնդրի շուրջ համաձայնություն: Ի վերջո պետք է լինի մեկ ընդունելի ազնիվ ու հանրության համար ընկալելի նպատակ:

-Խորհրդարանական ընդդիմությունը, կարելի է ասել, կիսված է երկու մասի` արմատական և իշխանությունների հետ որոշ հարցերում չհամաձայնող, բայց որոշ հարցերում համագործակցող: Դուք պատրա՞ստ եք և նրանց, և նրանց հետ համագործակցել:

-Էական չէ, թե ով ում հետ ինչ հարցերում է համագործակցում: Մեզ, ի նկատի ունեմ «Ալյանսի» թիմին, չի հետաքրքրում` ով ում հետ ինչ համագործակցություն ունի: Մեզ հետաքրքրում է այն, որ մեզ հետ համագործակցողները պետք է անհամաձայն լինեն այսօրվա ստեղծված իրավիճակի հետ ու դրանում մեղավորների հետ, պետք է ձգտեն իշխանություն փոխելուն, վարեն սեփական քաղաքական կուրսը և իշխանության բերեն ազնիվ, պարկեշտ և ունակ մարդկանցից բաղկացած սեփական թիմին: Մենք երբեք ռադիկալ չենք եղել, բայց մենք խիստ անհամաձայն ենք անարդյունավետ կառավարում իրականացնողների հետ, շատ ավելի խիստ, քան ռադիկալ ձևացնող բազմաթիվ այլ գործիչներ, որոնց պոչն իրականում լրիվ այլ տեղ է թաղված:

-Դուք ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջի ԲՀԿ խմբակցության անդամ եք, ԲՀԿ-ի հետ համագործակցությունն ավելի ակտի՞վ է, քան մյուս խբակցությունների հետ:

-Դե բնական է, որ այդպես էլ պետք է լիներ: Ի վերջո ես ԲՀԿ-ի իմ նախկին ու ներկա գործընկերների հետ երկար ճանապարհ եմ անցել, շատերի հետ ինձ կապում են չափազանց ամուր մարդկային ու մաքուր ընկերական հարաբերությունները, իսկ մի մասի հետ նաև գաղափարական: ԲՀԿ-ում կան վերին աստիճանի հարգարժան մարդիկ, որոնք դեռ շատ խոսք ունեն ասելու ու շատ գործ ունեն անելու մեր երկրի համար: Իսկ որպես կառույց այդ կուսակցությունը մեծ պոտենցիալ ունի`թվով երկրորդ խմբակցությունը ԱԺ-ում, մի քանի տասնյակ տարածքային կառույցներ, վեց հարյուրից ավելի տեղ ընտրական հանձնաժողովներում և այլն… Այդ պոտենցիալը կարող է լուրջ ծառայություն մատուցել ժողովրդին, եթե ճիշտ գործածվի, և ԲՀԿ-ն դեռ շատ անելիք կարող է ունենալ, սակայն դրա համար անհրաժեշտ են որոշ փոփոխություններ, և ձևականություն կլիներ, եթե ես ասեի, որ չեմ նկատում այդ փոփոխությունների անհրաժեշտությունը:

-Կոնկրետ ի՞նչ փոփոխություններ նկատի ունեք:

- Դա արդեն այլ առիթի զրույց է:

  • Կիսվել`

Վերջին լուրերը