Մենք ոչ ենք ասում այս փոփոխություններին. Ա.Ավետիսյան

12:48 | 03.10.2015

Մենք ոչ ենք ասում այս փոփոխություններին. Ա.Ավետիսյան

Ինչպես արդեն հրապարակել էինք երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքն ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների: Հանրահավաքին մասնակցում էին նաեւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Ձեզ ենք ներկայացնում Xnews.am-ի լրագրողի հարցազրույցը «Ալյանս» կուսակցության վարչության անդամ, գործարար Արմեն Ավետիսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ կուսակցության վարչության անդամների` հանրահավաքին մասնակցելը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրենք մեծամասամբ կիսում են «Ոչ»-ի ճակատի դիրքորոշումը եւ բացի այդ համաձայն չեն, որ ներկայիս իշխանությունները վերարտադրվեն: «Մենք ոչ ենք ասում այս փոփոխություններին: Իհարկե մենք ընդհանուր առմամբ կողմ ենք բարեփոխումներին, որը իրոք հասարակությանն անհրաժեշտ է, բայց եթե այդ փոփոխություններում քողարկված է իշխանությունների վերարտադրության ցանկությունը, մենք ոչ ենք ասում»,-ասաց Արմեն Ավետիսյանը:

Նրա խոսքով «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ քննարկումների ժամանակ իր ելույթում հստակ հայտնել է «Ալյանսի» դիրքորոշումը կապված Սահմանադրական փոփոխությունների հետ: Արմեն Ավետիսյանն ասաց, որ չի բացառվում, որ իրենք կուսակցության վարչության անդամներով մասնակցեն նաև այլ՝ նմանատիպ միջոցառումների: Մեր հարցին, թե ինչ վտանգներ կան Սահմանադրական փոփոխությունների հետ կապված, «Ալյանս» կուսակցության վարչության անդամը տվեց հետեւյալ պատասխանը. «Վտանգների մասին լավագույնս ասել է Բարաք Օբաման, որ այն իշխանությունը, որը փոխում է երկրի սահմանադրությունը իշխանության մնալու համար՝ ձախողված իշխանություն է: Մենք չենք ուզում, որ անարդյունավետ կառավարողները շարունակեն ղեկավարել երկիրը»: Արմեն Ավետիսյանն ասաց, որ որպես տնտեսագետ և գործարար, շատ լավ գիտի երկրի տնտեսական վիճակը: Ավետիսյանի խոսքով վերջին տարիներին երկրի տնտեսական աճը անգամներով նվազել է:

Xnews.am

  • Կիսվել`

Վերջին լուրերը