«Ալյանս»-ի կրկնակի հիմնադիր համագումարը ավարտվեց

21:29 | 29.08.2015

«Ալյանս»-ի կրկնակի հիմնադիր համագումարը ավարտվեց

Այսօր տեղի ունեցավ Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր երկրորդ համագումարը:

Թե ինչ հարցեր են քննարկվել համագումարում և որն էր դրա հրավիրման բուն պատճառը, Xnews.am-ին կուսակցության խոսնակ Վարդան Քոչարյանն ասաց, որ սա իրենց կրկնակի հիմնադիր համագումարն էր․ «Այն պարզ պատճառով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չէր գրանցել կուսակցությունը անբովանդակային, անէական, տեխնիկական բնույթի պատճառաբանություններով: Համագումարին ներկա էին 219 պատվիրակ, որոնք ընտրվել էին վարչության կազմից, հանձնաժողովներից և տարածքային կառույցներից: Կրկնակի անգամ քվեարկությամբ հաստատվեցին ծրագիրն ու կանոնադրությունը, ընտրվեց վարչությունն ու նախագահը: Քննարկվեցին երկրում առկա լրջագույն խնդիրները, հերթական անգամ ընդգծվեցին համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, երկրում առկա անարդյունավետ կառավարման վերացումը, անարդյունավետ կառավարողների փոփոխությունը, որպես լուծում պահանջող ռազմավարական խնդիրներ»։ Համագումարում քննարկվել են նաև ընդդիմադիր դաշտի անընդհատ ու ինտենսիվ նվազումն ու չեզոքացումը, այդ համատեքստում հերթական անգամ կարևորվել է նաև ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիան: Սահմանադրական փոփոխությունների հարցը ևս քննարկվել է «Ալյանս»-ի այս համագումարում։

«Բոլոր ելույթ ունեցողները ընդգծեցին, որ «Ալյանսն» աչքի է ընկնում դիրքորոշում չփոխելով և անշեղուն քաղաքական կուրսով, այդ թվում՝ այս հարցի վերաբերյալ»,-ասաց կուսակցության մամուլի խոսնակը։

  • Կիսվել`

Վերջին լուրերը