«Ալյանս»-ը երբեք իր ժողովրդին հուսախաբ չի անի. Սարգիս Հարությունյան

14:14 | 13.08.2015

«Ալյանս»-ը երբեք իր ժողովրդին հուսախաբ չի անի. Սարգիս Հարությունյան

Xosnak.am-ի զրուցակիցն է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահի տեղակալ, կենտրոնական գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանը:

-Պարոն Հարությունյան, ամռան այս ամիսներին քաղաքական դաշտը բավականին պասիվ է և իրադարձությունները այդքան էլ արագ չեն զարգանում: Ի՞նչ գործունեություն է ծավալում «Ալյանս» կուսակցությունը այս օրերին:

-Ի հեճուկս գործող իշխանությունների, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրասենյակը այս ամռան ամիսներին աշխատում է ըստ հաստատված գրաֆիկի: Ինչպես դուք գիտեք, կուսակցությունում ստեղծված հանձնաժողովները աշխատում են ըստ իրենց ոլորտների, վեր են հանում մեր քաղաքացիների համար կարևորագույն խնդիրները, կատարում են մասնագիտական վերլուծություններ և առաջարկում լուծումներ: Ներկայումս կուսակցության գործադիր մարմինը մշակում է «Ալյանս»-ի կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունը՝ հաշվի առնելով մեր գաղափարական և ծրագրային բովանդակությունն ու երկրում, ինչպես նաև մեր հասարակության մեջ առկա խնդիրները: Հարկ եմ համարում նշել նաև, որ կուսակցությունը բավականին վստահություն է ձեռք բերում երիտասարդության շրջանում, ինչի ապացույցն է երիտասարդների մուտքը կուսակցություն և համապատասխան երիտհանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, տարբեր քննարկումների և միջոցառումների կազմակերպումը:

- Լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվում են «Ալյանս» կուսակցության այս կամ այն քաղաքում բացվող տարածքային գրասենյակների մասին հաղորդագրություններ, այս պահին որքան տարածքային գրասենյակներ ունի Ալյանսը:

-Մեր Գյումրու, Վանաձորի, Ալավերդու, Մասիսի արդեն իսկ բացված տարածքային գրասենյակները աշխատում են սկզբնական կառույցների ձևավորման վրա, ինչպես նաև ակտիվորեն աշխատում են տվյալ տարածքի մեր համախոհ-համակիրների հետ: Առաջիկայում գրասենյակներ են բացվելու Ստեփանավանում, Իջևանում, Սիսիանում, Աշտարակում, Արմավիրում, Հրազդանում և ՀՀ այլ խոշոր քաղաքներում ու մարզկենտրոններում: Մեր շարքերը օրըստօրե խտանում են բացառապես ազնիվ, սիրտ ու հոգի ունեցող, բարոյական արժեքներ կրող, հայրենասեր, երկրում դրական փոփոխություններ իրականացնելուն պատրաստ, նախաձեռնող քաղաքացիներով, ովքեր ոչ թե ՀՀ բնակիչներ են, այլ ՀՀ քաղաքացիներ՝ իրենց պատասխանատվությամբ ու ինքնագիտակցության բարձր մակարդակով, ովքեր դեմ են և ոչ են ասում անտարբերությանը, որովհետև անտարբերությունը չարիք է, ովքեր ոչ են ասում փողի ու ուժի գերակայությանը, անօրինականությանը, ամենաթողությանը, սոցիալական անարդարությանը ու բիզնեսի նկատմամբ խտրականությանն ու զորբայությանը: Մեր խնդիրն է վերականգնել մեր հիասթափված ժողովրդի հավատն ու հույսը, իրենց վաղվա օրվա, մեր ապագայի ամուր ու սոցիալական պետության համար:

-ՀՀ արդարադատության նախարարության կողմից կուսակցության պետական գրանցումը մերժելուց հետո, կուսակցությունը հայտարարեց, որ ընդունում է իրեն ուղղված մարտահրավերը և պատրաստվում է կրկնակի համագումար հրավիրել: Ե՞րբ է տեղի ունենալու այդ համագումարը:

-Ներկայումս կուսակցաշինության և բազում աշխատանքների հետ զուգահեռ պատրաստվում ենք նաև օգոստոսի 29-ի համագումարին, որով կստիպենք պատկան մարմիններին գրանցելու «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը: Կուսակցությունը իր նախագահ Տիգրան Ուրիխանյանի գլխավորությամբ վճռական է տրամադրված և երբեք իր ժողովրդին հուսախաբ չի անի:

  • Կիսվել`

Վերջին լուրերը