Սահմանադրական բարեփոխումների նախագծում մի շարք խնդրահարույց կետեր կան. Նարեկ Ալոյան

20:55 | 25.07.2015

Սահմանադրական բարեփոխումների նախագծում մի շարք խնդրահարույց կետեր կան. Նարեկ Ալոյան

Ուրբաթ օրը, հուլիսի 22-ին տեղի ունեցավ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը պետք է քննարկեր առաջարկվող Սահմանադրական փոփոխությունները: Չնայած որ կուսակցության պաշտոնական կայքում տեղադրված է նիստի հետ կապված պաշտոնական ինֆորմացիա, այնուամենայնիվ, որոշակի մանրամասներ պարզելու համար Xnews.am-կայքը կապ հաստատեց «Ալյանս» կուսակցության վարչության անդամ Նարեկ Ալոյանի հետ:

- Պարոն Ալոյան, ի վերջո ինչպիսի դիրքորոշում է որդեգրելու «Ալյանս» կուսակցությունը Սահմանադրական փոփոխությունների մասով:

- Քանի որ կուսակցության գործադիր մարմինը որոշում է կայացրել եռօրյա ժամկետում կուսակցության վարչությանը ներկայացնել «Ալյանս»-ի գործողությունների պլանը և քարոզչական ծրագիրը սահմանադրական փոփոխությունների հարցի վերաբերյալ հստակեցնող որոշման նախագիծ, ես, բնականաբար այս պահին որևէ պաշտոնական դիրքորոշում հայտնել չեմ կարող: Բայց ես անձամբ առաջարկվող Սահմանադրական բարեփոխումներին դեմ եմ մի քանի պատճառներով և դրանց մասին բարձրաձայնել եմ գործադիր մարմնի նիստի ժամանակ։

Նախ պատշաճ կարգով հիմնավորված չէ բարեփոխում անցկացնելու անհրաժեշտությունը, ապա առաջարկվող նախագծում խնդրահարույց են Ազգային ժողովի ձևավորման, վարչապետի նշանակման և վարչապետին անվստահություն հայտնելու կարգերը։

-Կորո՞ղ եք ավելի մանրամասն նշել, թե կոնկրետ որ դրույթներն եք համարում խնդրահարույց:

-Մասնավորապես՝ նախագծի 89-րդ հոդվածի 5-րդ մասով կուսակցությունները պարտավոր են ունենալ վարչապետի թեկնածու և կառավարության ծրագրի հիմնադրույներ, ինչը կարծում են կուսակցությունների իրավունքի անհարկի սահմանափակում է։ Առաջարկվող փաթեթով օրենսդիր իշխանության հավակնող քաղաքական կուսակցությունը պարտադրված պետք է լինի հավակնել նաև գործադիր իշխանության, մինչդեռ օրենսդիր և գործադիր իշխանությունը պետք է բաժանված լինի հանաձայն նույն նախագծի 4-րդ հոդվածի։ Խնդրահարույց է նախագծի թերի լինելը այն նախադեպի համար եթե հաղթող կուսակցության առաջադրված վարչապետի թեկնածուն հրաժարական տա, կամ մահանա, այդ պարագայում փաստացի կարող է վարչապետ նշանակվել պատգամավորների կողմից առաջարկվող մի անձ, ում ժողովուրդը նույնիսկ չի էլ ճանաչում։ Որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում 115-րդ հոդվածի սահմանումը, որի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու համար պետք է առաջադրել վարչապետի այլ թեկնածու։ Ստացվում է, որ եթե ունենանք մի իրավիճակ, որում բավարար հիմքեր կլինեն վարչապետին անվստահություն հայտնելու համար, բայց այդ պահին չունենանք վարչապետի այլ թեկնածու, ստիպված պետք է հանդուրժենք վարչապետին, մինչև նոր վարչապետի թեկնածուի ի հայտ գալը։

Թվարկածս խնդրահարույց հանգամանքները ընդամենը մի քանիսն են այն թերի և հակասություններով լի փաստաթղթից, որն անվանել են Սահմանադրական փոփոխությունների նախագիծ և ներկայացնում են ժողովրդին։

  • Կիսվել`

Վերջին լուրերը