Նախկին ԲՀԿ-ականները կանդամակցե՞ն «Ալյանսին»

21:40 | 15.04.2015

Նախկին ԲՀԿ-ականները կանդամակցե՞ն «Ալյանսին»

Օրեր առաջ «Քաղաքացիական շտաբի» նախաձեռնող խմբի կողմից հաղորդագրություն էր տարածվել, թե որոշում է կայացվել հիմնադրել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որի հիմնադիրներից է նախկին ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նոր կուսակցության հիմնադրման մասին «Իրավունքը» փորձեց զրուցել Տ. Ուրիխանյանի հետ, սակայն պարզվեց, որ նա որոշել է լռել մինչեւ ապրիլի 24-ը, իսկ մեր հարցերի պատասխանը ստացանք նոր կազմավորվող քաղաքական կառույցի նորընտիր խոսնակ ՎԱՐԴԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ:

-Արդյո՞ք ԲՀԿ կուսակցությունից դուրս եկած ԱԺ պատգամավորներից եւ ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչներից կան մարդիկ, ովքեր հայտ են ներկայացրել անդամակցելու «Ալյանս» կուսակցությունը:

- Ինչպես գիտեք, մենք արդեն հայտարարել ենք, որ մայիսի 16-ին տեղի կունենա «Ալյանս» կուսակցության հիմնադիր համագումարը, եւ Դուք կուսակցության անդամների, ժողովրդի թվի եւ քաղաքական կուրսի մասին կտեղեկանաք այդ ժամանակ:

- Իսկ հիմնադիր համագումարին հրավիրվելո՞ւ են այլ քաղաքական կուսակցություններից ներկայացուցիչներ:

- Իհարկե, նաեւ հրավիրված կլինեն տարբեր կուսակցություններ:

Հիշեցնենք, որ Տ. Ուրիխանյանը նախկինում ղեկավարել է Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը, որի վերջին` 10-րդ արտահերթ համագումարի ժամանակ ընդունել է այն կազմալուծելու ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միանալու որոշում, ինչի մասին լրատվամիջոցներից մեկին ասել է. «ԲՀԿ-ին միանալու առումով ոչ մի անձնական կամ խմբային հավակնություններ չունենք: Մեր հավակնությունները բացառապես քաղաքական են: Շարունակելու ենք իրագործել լիբերալիզմից սոցիալիզմ ընկած գաղափարական տիրույթում մեզ համար ընդունելի ցենտրիստական դրույթները` ներդնելով մեր անհատական, մասնագիտական ու կազմակերպական կարողությունները: ԲՀԿ-ն ցենտրիստական կուսակցություն է, հետեւաբար մեր քաղաքական գործելակերպում բովանդակային փոփոխություններ չեն լինի»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
«Իրավունք» թերթ

  • Կիսվել`

Վերջին լուրերը