Նախկին ԲՀԿ-ականի նոր «Ալյանս»-ը

17:24 | 11.03.2015

Նախկին ԲՀԿ-ականի նոր «Ալյանս»-ը

«Մեր կարծիքը կարող է համընկնել, բայց մենք չունենք որեւէ առնչություն Ռոբերտ Քոչարյանի հետ»

Մինչ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Քաղաքացիական շտաբը» զբաղված է «Ալյանս» կուսակցության հիմնադրման գործընթացով, «Առավոտ»-ը հետաքրքրվեց` ի՞նչ ձեւափոխումների են ենթարկվում այդ ընթացքում նրանց տեսակետները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Մինչեւ ապրիլի 24-ը խորը լռության մեջ մտած Տիգրան Ուրիխանյանի փոխարեն՝ մեր հարցերին պատասխանել է նրա նորանշանակ խոսնակ Վարդան Քոչարյանը:

– Օրեր առաջ դուք հայտարարել էիք, որ սկսելու եք սահմանադրական բարեփոխումների շուրջ բաց քննարկումների շարք. արդյոք դա նշանակո՞ւմ է, որ դուք փոխել կամ փոխում եք ձեր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

– Ո՛չ եւ միանշանակ ո՛չ: Մենք պատրաստվում ենք հիմնադրել քաղաքական կուսակցություն, եւ բնական է, որ նման կարեւորագույն հարցի շուրջ մեզ անհրաժեշտ է ձեւավորել պաշտոնական դիրքորոշում: Այն պետք է հիմնված լինի բազմաթիվ կիրթ ու ակտիվ քաղաքացիների, մասնագետների, հասարակական եւ քաղաքական գործիչների միջավայրում իրականացված լուրջ քննարկումների արդյունքների վրա: Սակայն Տիգրան Ուրիխանյանը մշտապես ասել է, որ բարեփոխումներին, որպես այդպիսին, դեմ չէ, այլ դեմ է դրանց՝ որպես իշխանությունների վերարտադրման հնարավորությանը: Հատկապես կիսապատերազմական վիճակում եւ տնտեսական կոլապսի պարագայում առավել նպատակահարմար է երկրի օպերատիվ կառավարումը, այլ ոչ թե կառավարման համակարգում էքսպերիմենտի իրականացումը: Մի խոսքով՝ մենք մնացել ենք այն նույն կարծիքին, որին էինք մինչեւ փետրվարյան իրադարձությունները:

– Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում եւս հայտարարել էր, որ սահմանադրական բարեփոխումները սխալ են եւ աննպատակահարմար այս պահին. ստացվում է, որ դուք համամի՞տ եք իր հետ: Իր կարծիքը ձեր դիրքորոշման վրա ազդեցություն ունի՞:

– Գիտեք ինչ, մենք ունենք մեր դիրքորոշումները, եւ դրանք ձեւավորվում են բացառապես ժողովրդի շահերից բխող մեր պատկերացումների վրա: Մենք որեւէ կապ չունենք Ռոբերտ Քոչարյանի հետ: Ես ինքս էլ չունեմ ոչ առնչություն երկրորդ նախագահի հետ, ոչ էլ կոմպետենտություն՝ խոսելու իր թեզերի վերաբերյալ, բայց իր խոսքերը ե՛ւ տնտեսական ծանրագույն վիճակի մասին, ե՛ւ արտաքին քաղաքականության, ե՛ւ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ճիշտ են, քանի որ պարզապես արտացոլում են առկա իրավիճակը: Վերջապես, եթե Քոչարյանը խոսում է քաղաքացիների շահերից, բնական է, որ մեր կարծիքները կհամընկնեն, բայց դա չի կարող նշանակել, որ մենք որեւէ առնչություն ունենք:

Ն. Գրիգորյան
«Առավոտ» օրաթերթ

  • Կիսվել`

Վերջին լուրերը