«Պարոն նախարա՛ր, Դուք լրջանալու կարիք ունեք». Բողոքի ակցիա էլեկտրաէներգիայի թանկացման դեմ

20:38 | 10.06.2015

«Պարոն նախարա՛ր, Դուք լրջանալու կարիք ունեք». Բողոքի ակցիա էլեկտրաէներգիայի թանկացման դեմ

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության երիտասարդական թեւը հունիսի 10-ին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպել:

Ակցիայի ընթացքում երիտասարդական թեւի ներկայացուցիչ Հարություն Մկրտչյանը իր ելույթի ընթացքում ասաց, որ իրենք պայքարելու են, որ էլեկտրաէներգիայի սակագինը չթանկանա. «Պետք է վճարի՞ խոպանում մի երկու քոռ կոպեկ աշխատող, ծանր աշխատանք տանող քաղաքացին: Սա ազնի՞վ է, պարոն նախարա՛ր: Եվ հետո, պարոն նախարա՛ր, Դուք լրջանալու կարիք ունեք. Ասում եք՝ գողություն, հետո ասում եք՝ փաստերի չեմ տիրապետում: Լա՛վ հասկանանք ո՞վ պետք է տիրապետի ձեր ոլորտում փաստերին, պահանջում եք պատգամավորից ներկայացնել փաստեր, այդ դեպքում Դուք ի՞նչ եք անում այստեղ, եկեք հասկանանք: Դեռ երեկ Դուք պետք է արդեն հրաժարական տված լինեիք, սա էլ ֆիքսենք: Անպատասխանատու հայտարարություններ անելով չի, ի վերջո, սա երկիր է, այստեղ վատ կառավարողները պետք է պատժվեն, այստեղ գողերը պետք է փաստացի պատժվեն, այստեղ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Դուք պատժվեք»:

Նա կոչ արեց գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին Երվանդ Զախարյանի հայտարարությունը վատ կառավարման եւ գողության մասին ընդունել որպես բաց հաղորդագրություն հանցագործության մասին եւ կազմել քրեական գործ. «Սկսե՛ք գործել, մենք շարունակելու ենք պայքարել եւ թույլ չենք տա, որ արհեստականորեն Հայաստանում վերադառնան մութ եւ ցուրտ տարիները»:

Երիտասարդական թեւի ներկայացուցիչ Նարեկ Ալոյանը հայտարարել էր, որ անակնկալ նվեր ունեն Երվանդ Զախարյանի համար: Բողոքի ակցիայի վերջում նա հայտարարեց, որ քրեական օրենսգիրք են ցանկանում նվիրել նախարարին, նա հավելեց, որ օրենսգրքի մեջ համապատասխան նշումներ են կատարել: Սկզբում նախարարության դիմաց հավաքված ցուցարարները պահանջում էին, որպեսզի նախարարն իջնի եւ ինքը վերցնի նվերը, այնուհետեւ նրանցից երեք գնացին նախարարություն:

Պարզելուց հետո, որ նախարարը տեղում չէ, նրանք հրաժարվեցին վերեւ բարձրանալ եւ նախարարության ընդհանուր բաժնի պետ Նազիկ Մարտիկյանը իջավ եւ վերցրեց Երվանդ Զախարյանի համար նախատեսված նվերը:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության երիտասարդական թեւի անդամները հայտարարեցին, որ իրենք շարունակելու են նմանատիպ բողոքի ակցիաներ կատարել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Aravot.am

  • Կիսվել`

Վերջին լուրերը