ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

19:26 | 17.09.2016

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Սիրելի գյումրեցիներ
Նախընտրական շրջանը Գյումրիում եւ, առհասարակ, ամբողջ Հայաստանում, առանձնահատուկ շրջան է: Նախընտրական շրջանում գողը դառնում է գող բռնող, կաշառք վերցնողը՝ կաշառք մերժող, բյուջե թալանողն էլ՝ բարեգործ: Նախընտրական շրջանում ասվում են խոսքեր, արտահայտվում են մտքեր, տրվում են խոստումներ, որոնք հետագայում մոռացվում են. պաշտոնյաները գնում են թալանը վայելելու, ժողովուրդն էլ՝ օրվա հացով գոյատեւելու…

«Ալյանսը» գալիս է փոխելու այս ամենը: Պատմության մեջ առաջին անգամ կուսակցությունն առաջարկում է ընտրողներին պայմանագիր, որը կնքում եւ ստորագրում է: Պայմանագրի կողմ կարող է դառնալ յուրաքանչյուրը, որը պատրաստակամ է մնալ իր հայրենիքում եւ շենացնել այն:

Սիրով առաջարկում ենք Ձեզ ծանոթանալ պայմանագրի պայմաններին եւ միանալ «Ալյանս» կուսակցությանը, Գյումրի քաղաքից սկսել փոփոխությունները եւ մեկընդմիշտ քաղաքական դաշտից հեռացնել ժողովրդի ձայնը չլսող, ժողովրդի տառապանքը չտեսնող եւ սեփական խոսքերը մոռացող քաղաքական գործիչներին:
(«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության Գյումրու ավագանու թեկնածուների եւ գյումրեցիների նախընտրական եւ հետընտրական իրավահարաբերությունների կարգավորման վերաբերյալ)
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության Գյումրու ավագանու թեկնածուները, որոնք գործում են կուսակցության եւ թեկնածուների լիազորման հիման վրա՝ մի կողմից, եւ ՀՀ Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի ուժով ՏԻՄ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող գյումրեցին՝ մյուս կողմից, այսուհետ սույն պայմանագրում համատեղ կոչվելով Կողմեր, կնքում են սույն պայմանագիրը հետեւյալի մասին.

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1 Սույն պայմանագրով («Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության Գյումրու ավագանու թեկնածուները պարտավորվում են ստանձնել ինչպես սույն պայմանագրով նախատեսված, այնպես էլ նախընտրական եւ հետընտրական շրջանում գյումրեցիների կողմից առաջադրված, լուծման պահանջարկի առումով լայն հանրային կոնսոլիդացիա ունեցող խնդիրների լուծման առաքելությունը` որպես սույն պայմանագրով գյումրեցիների համար նախատեսվող միակ պարտավորության կատարման պատասխան գործողություն:

2.«ԱԼՅԱՆՍ» ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՑԵՆՏՐԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1. «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են քաղաքացու համար լինել անընդմեջ ՀԱՍԱՆԵԼԻ կապի բոլոր միջոցներով եւ ընդունելություններով.
«Ալյանս» խմբակցության ավագանիներն ու փորձագետներն աշխատելու են ամենօրյա ռեժիմով, ընդունելու են քաղաքացիների բողոքները, դիմումներն ու առաջարկները, որոնք ներկայացվելու են քաղաքային խորհրդի նիստերին:

2.2 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են տրամադրել ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ եւ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ.
«Ալյանս» խմբակցությունը ձեւավորելու է թեժ գիծ ու արձագանքման խումբ՝ քաղաքացիների ահազանգերին օպերատիվ արձագանքելու եւ առկա խնդիրներն արագ կարգավորելու համար: Այս մեխանիզմով իրականացվելու է նաեւ քաղաքացիներին անհրաժեշտ խորհրդատվություն:
Խմբակցությունը նախաձեռնելու է ողջ քաղաքի տարածքում թաղամասային պատասխանատուների համակարգի ներդրում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իմանա, թե ում է պետք դիմել համայնքին վերաբերող խնդիրներին ընթացք տալու համար, եւ ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել որեւէ խնդրի դեպքում:

2.3 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են իրականացնել արդյունավետ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ եւ ՏՆՏԵՍՈՒՄ.
«Ալյանս» խմբակցության ավագանու անդամները վերահսկելու են Գյումրու բյուջեի յուրաքանչյուր լուման, որպեսզի այն ծառայի նպատակային ու առավելագույն տնտեսման հնարավորությամբ:
Համայնքային բյուջեի միջոցների արդյունավետ տնօրինման համար ներդրվելու է վերահսկողական մեխանիզմ: Բյուջեի բոլոր ծախսերը լինելու են թափանցիկ ու հրապարակային եւ անընդհատ ներկայացվելու են քաղաքացիներին: Նյութերը տեղադրվելու են Gyumri.info կայքում:

2.4 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են նախաձեռնել ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ աշխատանքների արդյունավետության բարձրացման միջոցների ապահովումն ավագանու որոշումների նախագծերի փաթեթով․
«Ալյանս» խմբակցությունը նախաձեռնելու է համայնքային ուղեւորափոխադրումների երթացուցակների վերանայում: Դրանք պետք է տեսանելի լինեն մեքենաների սրահներում եւ կանգառներում. հրամայականը մեկն է՝ երթուղային տաքսիներում կանգնած ուղեւոր չպետք է լինի: Վարորդների համար սահմանվելու է հստակ վարքականոն (չծխել, չխոսել հեռախոսով, հարգալից լինել ուղեւորի նկատմամբ), նախընտրելի է վարորդ-ուղեւոր շփումը նվազագույնի հասցնել՝ հնարավորության դեպքում ներդնելով քարտային վճարման համակարգ:
«Ալյանս» խմբակցությունը նախաձեռնելու է, որ դպրոցականներն ու սոցիալապես անապահով անձինք քաղաքային տրանսպորտից անվճար երթեւեկելու հնարավորություն ստանան:
Ծայրամասային թաղամասերը երեկոյան ժամերին տրանսպորտով ապահովելու համար խմբակցությունը նախաձեռնելու է հատուկ համայնքային տաքսիների ներդրում, որոնք կաշխատեն կոնկրետ երթուղիներում, կոնկրետ սակագնով՝ մեկ ուղեւորի հաշվով:

2.5 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են իրականացնել ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ եւ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ հատուկ միջոցառումներ.
Փողոցների, մայթերի, բակերի բարեկարգումը, աղբահանությունն «Ալյանս» խմբակցության ուշադրության կենտրոնում է լինելու, մաքուր ու բարեկարգ քաղաք ունենալու համար, բյուջետային միջոցներից բացի, նախաձեռնելու ենք համագործակցություն տարատիպ կառույցների, հաստատությունների ու անհատ քաղաքացիների հետ՝ խրախուսելով կրեատիվ նորարարությունը: Հատուկ հսկողություն է սահմանվելու համատիրությունների աշխատանքի նկատմամբ՝ արդյունավետության բարձրացման համար: Հատուկ ուշադրություն ենք բեւեռելու քաղաքի ծայրամասային թաղամասերի ենթակառույցների հասանելիությանը:

Կանաչ տարածքների խոտհունձն ու մաքրումը լինելու են մեր անմիջական պարտականություններից մեկը. Գյումրին չպետք է ունենա չխնամված կանաչ գոտիներ, ինչը կոնկրետ օրինակով ցուցադրում են «Ալյանսի» կամավորները «Մուշ» թաղամասում:
Նախաձեռնելու ենք էներգախնայող լուսադիոդային եւ LED տեսակի լամպերի կիրառությամբ կրկնակի ավելացնել փողոցների լուսավորության ժամերը` առանց լրացուցիչ ֆինանսավորման, միմիայն առկա միջոցների հաշվին:

«Ալյանս» խմբակցությունն ավագանու նիստին է ներկայացնելու Գյումրի քաղաքն ամբողջությամբ անվճար WIFI համացանցային հասանելիության ցանցով պատելու առաջարկ` հաշվարկված տնտեսական ու ֆինանսական հիմքերով:

2.6 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են նախաձեռնել ԳՅՈՒՄՐԻ-ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՄԱՆ գործընթաց` ներկայացնելով համապետական օրենքի նախագիծ:

«Ալյանս» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի միջոցով Ազգային ժողովում հարց է բարձրացվելու Հայաստանի համայնքների հավասարաչափ զարգացման ու ապակենտրոնացման ապահովման վերաբերյալ, նախատեսվում է ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն` փոխելով «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքը, որով Գյումրուն տրամադրվող պետական հատկացումները կավելացվեն: Երեւանում երկրորդական նշանակություն ունեցող ծախսերի փոխարեն ֆինանսական միջոցները կուղղորդվեն Գյումրի, ինչը կհատկացվի սոցիալական ծրագրերին, օրինակ՝ կստեղծվի սոցիալական ատամնաբուժարան, որն անվճար ծառայություններ կմատուցի սոցիալապես անապահով մարդկանց, կկառուցվեն բնակարաններ անօթեւանների համար, կնորոգվեն ճանապարհները եւ այլն:
«Ալյանս» խմբակցությունը նախաձեռնելու է գործընթաց` ուղղված որոշ պետական գերատեսչությունների (նախարարությունների) հնարավորինս արագ տեղափոխմանը Երեւանից Գյումրի:

2.7 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են նախաձեռնել ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ գործընթաց՝ լրացուցիչ պայմանների ապահովմամբ:
«Ալյանս» խմբակցության վերահսկողությամբ ձեւավորվելու է կադրային կենտրոն, որում տարբեր մասնագիտական խմբերում աշխատելու են բազմաթիվ քաղաքացիներ՝ ըստ իրենց ունակությունների ու գիտելիքների:

Հատուկ ուշադրություն ենք դարձնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, նախաձեռնելու ենք հատուկ պայմանների ստեղծում, որպեսզի Գյումրիում պատրաստվող կադրերը չհեռանան քաղաքից, իսկ Երեւանում ներկայացուցչություն ունեցող ՏՏ ձեռնարկություններին առաջարկվելու է Գյումրիում մասնաճյուղեր բացելու համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ եւ տրամադրել լրացուցիչ հնարավորություններ:
Գյումրիում կատարվող ցանկացած ներդրում խրախուսվելու է, տեղական բիզնեսի զարգացման համար նախաձեռնելու ենք ազատ առեւտրի գոտու հիմնում:
Մեծամասշտաբ աշխատատեղերի ստեղծման համար նախաձեռնելու ենք սոցիալական բիզնեսի ներդրում, որի եկամուտներն ուղղվելու են կա՛մ նոր աշխատատեղերի ստեղծմանը, կա՛մ էլ սոցիալ-բարեգործական նպատակներին: Անհրաժեշտ միջոցները տրամադրվելու են արտակարգ տնտեսման ռեժիմի արդյունքներից:

2.8 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են նախաձեռնել փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ գործընթացի աջակցման ծրագիր:
«Ալյանս» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի միջոցով Ազգային ժողովում հարց է բարձրացվելու Գյումրիում փոքր եւ միջին բիզնես ունեցող անձանց աշխատանքները խրախուսելու ու զարգացում տալու համար վարկային պարտավորությունները պետական միջոցներով մարելու վերաբերյալ:

2.9 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են նախաձեռնել ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ գործընթացը զարգացնող նոր իրավական ակտի ընդունումը Գյումրու քաղաքային խորհրդում:
«Ալյանս» խմբակցությունը ներկայացնելու է առանձնատների կառուցման ու սեփականաշնորհման պարզեցված ընթացակարգ, ներդրվելու է տիպային բնակելի տների կատալոգ:
Խմբակցությունը նախատեսում է դիմել պետական իշխանություններին՝ տնակներում ապրող անձանց բնակարանով ապահովելու համար նոր ծրագիր մշակելու եւ լրացուցիչ արտոնություններ ու թույլտվություններ տալու առաջարկով:
Իրականացվելու է անօթեւան անձանց հաշվառում, եւ նախաձեռնվելու է սոցիալական բնակարանաշինություն՝ այդ անձանց բնակարանով ապահովելու համար: Այդ նպատակով իրականացվելու է դրամահավաք Հայաստանում եւ Սփյուռքում:

2.10 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են ստեղծել ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ համար նախադրյալներ:
«Ալյանս» խմբակցությունը նախատեսում է Գյումրու մասին հատուկ բազմալեզու տեսահոլովակների նկարահանում, քաղաքի ճարտարապետության, տեսարժան վայրերի ու արժեքների մասին կայքերի եւ այլ տեղեկատվական կրիչների ստեղծում, որոնցով Գյումրին հասանելի է դառնալու ողջ աշխարհին:

Կազմակերպվելու են հատուկ զբոսաշրջային երթուղիներ, որոնց միջոցով Հայաստան ժամանող զբոսաշրջիկները հնարավորություն են ունենալու բացի ավանդական վայրերից նաեւ այցելել Գյումրի:
Գյումրիում կազմակերպվելու են ամենամյա փառատոներ, երիտասարդական, սպորտային, մշակութային միջոցառումներ:

2.11 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են իրականացնել հատուկ հոգածություն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ հաստատությունների նկատմամբ.
Նախաձեռնելու ենք քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների բարեկարգման նոր ծրագիր (վերանորոգում, անհրաժեշտ գույք եւ միջոցներ): Այս նպատակի համար մեր պահանջով պետք է համայնքային բյուջեից հավելյալ միջոցներ տրամադրվեն այդ կառույցներին, իսկ ոչ բավարար ֆինանսական միջոցների դեպքում խնդիրը բարձրացվելու է պետական մակարդակով: Որպես հավելյալ միջոցներ՝ առեւտրային ընկերություններին ներկայացնելու ենք կոնկրետ ծրագրեր՝ հաշվի առնելով սոցիալական պատասխանատվության իրենց գերակայությունները, նաեւ կապ ենք հաստատելու հովանավոր-բարեգործների հետ՝ իրենց աջակցությունն ստանալու համար:

2.12 «Ալյանս» խմբակցության ավագանիները պարտավորվում են իրականացնել ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ այն չափով, որքան քվե կստանան քաղաքացիներից ընտրություններին:
«Ալյանս» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանում եւ Գյումրիում մասնավորապես կառավարումն իրականացվում է անարդյունավետ, եւ անհրաժեշտ է լուրջ համակարգային փոփոխություն` կառավարող պատասխանատուների ու իշխանության փոփոխությամբ հանդերձ:

Եթե քաղաքացիների ցանկությամբ «Ալյանս» կուսակցությունը Գյումրիում գա իշխանության, ապա փոփոխությունները կլինեն արմատական ու խորքային, մենք կարճ ժամանակահատվածում կունենանք միանգամայն նոր քաղաք: Իսկ եթե ժողովրդի քվեով «Ալյանսն» ունենա միայն ավագանու խմբակցություն, ապա մենք իրականացնելու ենք առնվազն վերը շարադրված պարտավորությունները:

3. ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ՄԻԱԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
3.1 Գյումրու բնակիչները պարտավորվում են ընտրությունների ժամանակ կատարել սեփական համոզմունքներից, ցանկությունից ու խղճից բխող ընտրություն` անկախ որեւէ կողմնակի ազդեցության կամ կաշառելու փորձերից:

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏը
4.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ս.թ. հոկտեմբերի 2-ի Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքում «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ավագանու խմբակցության ձեւավորումից հետո ավագանու առաջին նիստից եւ դադարում էէ գործել նույն խմբակցության լիազորությունների դադարեցման պահից:

5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
5.1 Կողմերն իրենց իրավահարաբերությունները կառուցում են փոխադարձ հարգանքի ու փոխվստահության ձեւաչափով եւ գործում են սույն պայմանագրով սահմանված դրույթների եւ ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում:
5.2 Նշված կետերից որեւէ մեկը չկատարելու դեպքում ցանկացած քաղաքացի իրավասու է դատական կարգով պատասխանատվության ենթարկել «Ալյանսի» ավագանու անդամներին:

  • Կիսվել`

Վերջին լուրերը