Տիգրան Ուրիխանյանն իր աշխատասենյակի պատից չի հանել Գագիկ Ծառուկյանի հետ նկարները

12:37 | 16.09.2016

Տիգրան Ուրիխանյանն իր աշխատասենյակի  պատից չի հանել Գագիկ Ծառուկյանի հետ  նկարները

«Ալյանսն» իրեն չի պատառոտի «ամենաընդդիմադիր» իշխանական տիտղոսի համար. վստահեցնում է կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը

-Բավական հավակնոտ չե՞ն նորաստեղծ «Ալյանս» կուսակցության նկրտումները` իշխանափոխությունը սկսենք Գյումրիից:

– Նախ` նորաստեղծ կուսակցություն ասելիս ձեզ խորհուրդ եմ տալիս հենց Գյումրիում ընտրություններին մասնակցեու համար գրանցված տասից ավելի կուսակցությունների ստեղծման ամսաթվին անդրադառնալ: Կտեսնեք, որ նրանց զգալի մասը ստեղծվել են 1-1,5 ամիս առաջ` հենց Գյումրիիի ընտրություններում մարդկանց աչքին թոզ փչելու համար: Ապա` իսկ ձեր կարծիքով՝ ուրիշ ո՞վ իրավունք ունի սկսելու մասին խոսել, եթե ոչ՝ մենք: Ո՞ր բարոյական իրավունքը մեզ հնարավորություն չի տալիս խոսել սկսելու մասին:

Չէ՞ որ ոչ իշխանական ուժերի օրակարգի պահպանումը, չփոխված քաղաքական կուրսը, սահմանադրական ֆոտոսեսիաներին չմասնակցելը, չկոտրվելը պետական բյուջեի քվեարկությունների ուղղությամբ իշխանական համոզչաքարոզչական ազդեցության տակ, տարատեսակ ճակատագրական եւ երկրորդական իշխանական նախագծերը չվավերացնելը մեզ տալիս է հնարավորություն՝ ժամանակին հնչեցված կարգախոսը սկսելու մասին, արդիական պահել: Առաջին անգամն է, երբ «Ալյանսը» մասնակցում է ընտրություններին, ու բնական է, որ մեկնարկին պետք է խոսենք սկսելուց: Իսկ այդ բովանդակության տակ դրված է շատ կարեւոր բան` աշխատելը: Սկսենք աշխատել: Երկրում ոչինչ չի փոխվի, եթե չլինի նոր որակի աշխատանք, նոր որակի կառավարում: Նոր` ստեղծագործ, յուրահատուկ. այլ պետություններում վաղուց արդեն փորձարկված ու իրեն արդարացրած, բայց Հայաստանին` կառավարման համակարգի հետամնացության պատճառով դեռեւս չհասած մեթոդների մասին է խոսքը: Դա մենք բացելու ենք մեր 12 կետանոց իրավաբանական ուժ ունեցող պայմանագրի մեջ, որը տալիս ենք քաղաքացիներին: Ասենք, արտաքին լուսավորության պարագայում լուսադիոդային եւ «լեդ» տեսակի լամպերին անցումը վաղուց արդեն չպետք է լիներ նորարար եւ արդյունավետ մենեջմենթի տարր: Բայց ցավոք, մենք հիմա բերում ենք դա, բավական ուշացած` առաջարկելով 5-10 անգամ խնայել քաղաքի՝ առանց այդ էլ սուղ բյուջեն եւ կրկնապատկել քաղաքի լուսավորությունը:

– ՀՀԿ թեկնածուն էլ խոստանում է աշխատավարձերը ժամանակին վճարել:

– Շատ լավ է: Ուրեմն ՀՀԿ թեկնածուի առաջարկն ինքնին կլինի ճակատագրական, որովհետեւ վստահ եմ, որ մարդիկ իրենց ընտրությունը կկատարեն` լսելով այդ երկու եւ այլ առաջարկները:

– Գյումրիում բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել` մի կողմում իշխանական կոալիցիա կա, որը պաշտպանում է գործող քաղաքապետին, մյուս կողմում ԲՀԿ-ն է, որտեղ ձեր նախկին թիմակիցներն են: Փաստորեն, պիտի պայքարեք իշխանական ռեսուրսի դեմ, ձեր նախկին թիմակիցների դեմ, անվանակից` Գաղափարակից լիբերալների ալյանսի (ԳԱԼԱ) եւ մյուս ուժերի դեմ:

– Իրենք բոլորը պիտի պայքարեն մեր դեմ: Իրենք արդեն պայքարում են մեր դեմ: Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր գործընկերներ եւս պայքարում են մեր դեմ` հենց իշխանության եւ գործող քաղաքապետի, որը եւս իմ նախկին գործընկերն է, դրդմամբ: Միգուցե գիտակցաբար, միգուցե՝ ոչ:

– Ուզում եք ասել, որ «Ալյանսի» դեմ սեւ տեխնոլոգիանե՞ր են կիրառվում:

– Այո: Մենք էլ որեւէ մեկի դեմ չենք պայքարում, ու դա բոլորի համար ակնհայտ է: Ընդ որում, այնքան, ինչպես կասեին ոմանք` ցցուն կերպով չենք պայքարում, որ բոլոր նրանք, ովքեր առաջին օրվանից մեր նկատմամբ սկսեցին սեւ, զզվելի, ծիծաղելի, անտրամաբանական ստերով պայքարել` գյումրեցիների աչքերում հայտնվեցին անընկալելի ու վատ վիճակում: Մարդիկ տեսնում էին, թե ինչպես ենք մենք մնում հավասարակշռված, զուսպ եւ չենք արձագանքում` ցանկացած սեւ քարոզչության փոխարեն առաջարկելով պայմանագրային նոր կետ, որն իրականացնելու ենք աշխատանքի ձեւով:

Մենք չենք պատրաստվում մասնակցել երկրում եւ Գյումրիում՝ մասնավորապես, ամենաընդդիմադիրի կոչման համար հայտարարված մրցանակին, որը հենց իշխանությունն էլ բաշխում է: Մենք չենք պատրաստվում մեզ պատառոտել, ինչպես մի շարք այլ ընդդիմադիր ընկերներ, որոնք անընդմեջ իրենց ընդդիմադիր լինելու մասին հայտարարում են կամ իշխանական-պետական, կամ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների դուստրերի, որդիների կանանց ու ամուսինների սեփականություն հանդիսացող լրատվամիջոցներով: Մենք միայն խոսելու ենք Գյումրիում կառավարում իրականացնելու ունակությունների մասին: Գյումրեցիները թող համադրեն` ո՞վ եւ ի՞նչ ունակություններ ունի: Եթե գյումրեցիներն իրենց քաղաքապետի պաշտոնում, ավագանիում ցանկանում են տեսնել նվազ ինտելեկտով, նվազ կարողություններով ու պատրաստակամությամբ, նվազ ազնվությամբ մարդկանց, ուրեմն ունեն լայն հնարավորություն ընտրություն կայացնելու այն մարդկանց միջեւ, ովքեր, այո, պայքարում են մեր դեմ: Մենք որեւէ մեկի դեմ չենք պայքարելու: Մեր հակահարվածները լինելու են շատ դիպուկ, շատ կոշտ ու խիստ` անտարբերության, արհամարհանքի եւ բացառապես ընտրողի հետ աշխատանքի ձեւով:

– Վստա՞հ եք, որ ընտրություններն ազատ ու թափանցիկ են լինելու, եւ գյումրեցին է ընտրություն կատարելու:

– Վստահ ենք, որ բոլոր հնարավոր խախտումներն ու կեղծիքները լինելու են, եթե չիրականացնենք խիստ հսկողություն` իրավական համակարգման ձեւով, ինչի հնարավորությունը օրենքը տալիս է: 300-ից ավելի գյումրեցի մեր ակտիվիստները բավարար են, որպեսզի տեղամասերում, տեղամասերից դուրս կազմակերպչական-հսկողական գործունեություն իրականացնեն` բոլոր ուղղություններով: Նաեւ 160-ից ավելի մարդ կժամանեն Երեւանից: Նրանք պատրաստված մարդիկ են եւ տեղամասերում կօգնեն մեր գյումրեցի գործընկերներին: Տեղամասերում ներկայացված մեր վստահված անձինք, համագործակցելով «Քաղաքացիաան շտաբ» հ/կ-ի դիտորդների, այլ անկախ դիտորդական առաքելությունների եւ լրագրողների հետ, ապահովելու են հարյուր տոկոսանոց հսկողություն, նկարահանում: Որեւէ մեկին խորհուրդ չեմ տա փորձել որեւէ տեղում, որտեղ մենք կմասնակցենք ընտրությունների, գնալ խախտումների եւ կեղծիքների ճանապարհով, որովհետեւ դրանից հետո անմիջապես հետեւելու է քրեական պատասխանատվությունը: Նրանց դրդող ոչ մի ուժ չի ազատելու նման արարք անողներին քրեական պատասխանատվությունից, տույժից, տուգանքից ու բանտից:

– Քաղաքացիների հետ պայմանագիր կնքելու ձեր նորամուծությունը տարօրինակ չընկալվե՞ց գյումրեցիների կողմից: Նման իրավապայմանագրային ընտրությունների մշակույթ մենք չունենք:

– Բառի լավ իմաստով ընկալվեց յուրօրինակ, եւ դա փակում է բոլոր հարցերը: Մեր նկատմամբ հակաքարոզչության շրջանակներում փորձում էին համոզել, որ մեր ցուցակի ներկայացուցիչներն իրականում այլ ուժերի շահեր են սպասարկում, մեր ցուցակի առանձին ներկայացուցիչների կենսագրականում փորձում էին ինչ-որ բաներ հնարել՝ չնայած բացառապես անբիծ մարդիկ են ներկայացված: Առհասարակ կուսակցության քաղաքական կուրսի հետ կապված փորձում են հնարել այնպիսի դրվագներ, որոնք հերքվում են ուղղակի համացանցի մեր յութուբյան ալիքը դիտելիս: Էլեկտրոնային աշխարհում տաղտկալի, հնացած մեթոդները չեն գործում: Բայց անկախ այս ամենից՝ գյումրեցիների համար պարզ դարձավ մեկ բան` եթե կա պայմանագիր, որը կանաչապատ տարածքների, բարեկարգման հարցերը կարգավորելու է, եթե պաշտոնական կայքէջում ամենօրյա ռեժիմով տեղադրվելու է, թե որ լուման ինչպես ծախսվեց, ապա բացարձակապես անէական է, թե այդ գործն իրականացնող ավագանին ի՞նչ կրոնական, ռասայական պատկանելություն ունի, բուսակա՞ն, թե՞ կենդանական սննդամթերք է նախընտրում եւ այլն:

– Գյումրիի ընտրությունները փորձաշրջա՞ն են «Ալյանսի» համար` առաջիկա խորհրդարանական ընտրությունների առումով:

– Կարծում եմ՝ Գյումրիի ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների համար հենց դա էլ ունի նշանակություն: Ով կհերքի` նա ընտրողի հետ ձեւականության տիրույթում է, ոչ թե անկեղծության:

– Խոսակցություններ են շրջանառվում ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադարձի մասին: ԲՀԿ տարածքայն կառույցները հորդորներ են հղում պարոն Ծառուկյանին: Տեսնո՞ւմ եք նրա վերադարձի հնարավորություն: Իբրեւ ԲՀԿ նախկին խոսնակ՝ տեսնո՞ւմ եք Ձեզ ԲՀԿ-ում կամ ԲՀԿ-ի հետ:

– Ես չեմ կարող Ծառուկյանի փոխարեն ասել` կվերադառնա՞ նա, թե՞ ոչ: Դա հարց է, որը պետք է ուղղեք իրեն կամ իր կողմից լիազորված պաշտոնական անձանց: Բայց ես այն մարդկանցից եմ, որ մշտապես կարեւորել է նրա գործունեությունը երկրում` բոլոր ուղղություններով: Ես այն մարդկանցից եմ, որը անձնապես ունեցել է եւ ունի ցանկություն, որպեսզի Գագիկ Ծառուկյանը վերադառնա եւ երկրում ունենա հնարավորինս մեծ դերակատարում: Ես այն մարդկանցից եմ, որը անցած մեկուկեսից ավելի տարվա ընթացքում, ի տարբերություն բազմաթիվ այլոց, իմ աշխատասենյակի պատից չհանեցի մեր բազմաթիվ համատեղ նկարները:
Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ. Գ. ԸՕ-ի համաձայն՝ մեծամասնություն կազմելու համար «Բալասանյան» դաշինքին անհրաժեշտ է հավաքել 40 տոկոս ձայն: Դրանց գումարվում են նաեւ «բոնուսային» ձայները, եւ դաշինքը Գյումրու 33 հոգանոց ավագանիում ունենում է 17 անդամ ու քաղաքապետ: 40 տոկոս չհավաքելու դեպքում անհրաժեշտ կլինեն մյուս թեկնածուների «նվիրատվությունները»: «Ալյանս» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Բադալյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «բացառված է», որ ինչ-որ պահի ինքը իշխանության հետ գնա գործարքի:

 

«Առավոտ» 15.09.2016

  • Կիսվել`

Վերջին լուրերը