180 հոգի Երեւանից գալու են Գյումրի՝ ընտրատեղամասերում ձայները պահելու

11:46 | 25.08.2016

180 հոգի Երեւանից գալու են Գյումրի՝ ընտրատեղամասերում ձայները պահելու

«Գյումրիում շատ յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել: Քաղաքական դաշտում հավակնություններ դրսեւորող ուժերը, փորձելով 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ազդեցություն դրսեւորել, պատրաստվում են մասնակցել հանրապետության երկրորդ քաղաքում ՏԻՄ ընտրություններին: Իրականում մասնակիցներից շատերի համար դա գյումրեցու կյանքը փոխելու ցանկության հետ կապ չունեցող բան է: Նրանք փորձում են համապետական ընտրություններից առաջ ցույց տալ, թե իբր հաղթելու ունակ են, եւ այդ իմաստով Գյումրիի ընտրություններն իրականում ստուգարք են լինելու նրանց համար, որից շատերը կկտրվեն ու կմոռանան խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցելու մասին: Իսկ Գյումրիում հաղթող ուժերն արդեն մեխանիկորեն կհամարվեն առաջատարներ». այսպիսի տեսակետ հայտնեց Գյումրիի ընտրություններին մասնակցող «Ալյանս» կուսակցության վարչության անդամ եւ նախընտրական շտաբի իրավական հարցերով պետի տեղակալ Նարեկ Ալոյանը:

- Ձեր կարծիքով, «Ալյանսը» հաղթելու շանս ունի՞: Թե՞ դուք էլ եք դրանով պարզապես քաղաքական հայտ ներկայացնում ու պարտվելու դեպքում կմոռանաք 2017-ի ընտրություններին միայնակ մասնակցելու մասին:

- Վիճակը շատ պարզ է` Գյումրիում ընտրություններին մասնակցող բոլորին մարդիկ հիանալի գիտեն, եւ ակնհայտ է, որ վարկանիշ ու վստահություն ունեցող նրանց մեջ գրեթե չկա, հետեւաբար, ձայն տվող էլ չի լինելու: Գյումրին ընդդիմադիր քաղաք է, իսկ ընդդիմության մեջ գյումրեցիները փնտրում են այնպիսի մարդկանց, որոնք, բացի հայհոյանք տալուց, նաեւ աշխատելու են: «Ալյանսն» աշխատող թիմ ու մեծաթիվ ռեալ անդամներ ունեցող ընդդիմություն է: Կուսակցության ղեկավարն ունի լուրջ վարկանիշ, իսկ վարչության ու ակտիվի մեջ հավաքվել են բարձր մակարդակով ու ազնիվ մարդիկ` գործունակ, պատասխանատու եւ պունկտուալ, ինչը մեր օրերում կարեւոր ու հազվագյուտ հատկանիշ է: Գյումրու մեր ցուցակն աչքի է ընկնում կիրթ, չվարկաբեկված ու աշխատունակ մարդկանցով: Իսկ ամենագլխավորն այն է, որ «Ալյանսը» հանդես է գալիս բացարձակապես աննախադեպ քայլով` առաջին անգամ հայաստանյան քաղաքական իրականության մեջ մենք ընտրողին տալու ենք իրավաբանական ուժ ունեցող, հստակ շարադրված ու պաշտոնապես կնքված պայմանագիր, որում մանրամասն գրված է լինելու «Ալյանս» խմբակցության պարտադիր անելիքը Գյումրիի քաղաքային խորհրդում բոլոր տարիների ընթացքում, իսկ նախընտրական խոստումներից գեթ մեկ կետ չկատարելու դեպքում յուրաքանչյուր գյումրեցի այդ պայմանագրի հիման վրա կարող է դատական հայց ներկայացնել «Ալյանսի» ավագանու անդամին: Իհարկե, կարող է մենք չտանենք ձայների մեծամասնությունը, բայց մենք անպայման կհաղթահարենք գոնե խմբակցություն ձեւավորելու համար անհրաժեշտ ձայների շեմը: Եվ որքան որ կլինեն «Ալյանսին» տրված ձայները, այդքանով էլ Գյումրիում իշխանափոխություն տեղի կունենա:

- Իսկ ո՞վ ասաց, որ ձեր ձայները տեղ կհասնեն: Դուք չունեք լծակներ, լուրջ ֆինանսներ եւ այլն, իսկ հանրապետականներն օգտագործելու են իրենց բոլոր հնարավորությունները:

- Նախ ասեմ, որ «Ալյանսը» երբեք աղքատ կուսակցություն չի եղել: Մեր թիմում կան բազմաթիվ ազդեցիկ մարդիկ, որոնք ապահովում են բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, իսկ դրանք այս պահին ավելի քան բավարար են: Շատ կարեւոր է, որ մենք ունենք նվիրյալների լուրջ բանակ: Նրանք կիրթ, փորձառու, հետեւաբար՝ ազդեցության տակ չընկնող ու չընկճվող մարդիկ են: Շուրջ 180 հոգի գալու են Երեւանից Գյումրի՝ մեր գյումրեցի թիմակիցների հետ ընտրական տեղամասերում օրինականությունը հսկելու եւ մեր ձայներին տեր կանգնելու համար: Բոլոր տեղամասերը նկարահանվելու են, ամեն տեղ կլինեն իրավաբաններ ու լրագրողներ: Խորհուրդ չեմ տալիս ոչ իշխանության ներկայացուցիչներին, ոչ էլ որեւէ ուրիշին խախտել կարգը տեղամասում կամ փորձել ձայներ փախցնել հաշվարկի ժամանակ: Դա հղի է լինելու դատվածությամբ:

Հրապարակ օրաթերթ 25.08.2016թ.

  • Կիսվել`

Վերջին լուրերը