Կանոնադրություն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը (այսուհետ` Կուսակցություն) սույն կանոնադրության և կուսակցության ծրագրային դրույթներն ընդունող անձանց անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որի գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է:

1.2 Կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, սույն կանոնադրության և իր ծրագրի հիման վրա:

1.3 Օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից Կուսակցությունը հանդիսանում է իրավաբանական անձ, օգտվում է իրավաբանական անձի կարգավիճակից բխող և օրենքով սահմանված իրավունքներից և կրում համապատասխան պարտականություններ:

1.4 Կուսակցության անվանումն է`

  • ա) հայերեն` «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն (հապավումը ` «Ալյանս» ԱՑԿ)
  • բ) ռուսերեն` Прогрессивная центристская партия «Альянс» (հապավումը`ПЦП «Альянс»)
  • գ) անգլերեն` Progressive centrist party "Alliance" (հապավումը`PCP "Alliance"):

1.5 Կուսակցությունն ունի իր խորհրդանշանը: Այն իրենից ներկայացնում է կապույտ գույնով գրված «Ալյանս» բառը, որի առաջին «Ա» տառը շրջափակված է համախմբում խորհրդանշող մարդանման նշաններով, իսկ «Ալյանս» բառի տակ ավելի փոքր տառատեսակով, կապույտ գույնով գրված է «առաջադիմական ցենտրիստական կուսակցություն»:

1.6 Կուսակցությունն ունի իր դրոշը, որն իրենից ներկայացնում է լայնության և երկարության չափերի 1:2-ի հարաբերակցությամբ, կենտրոնում` Կուսակցության խորհրդանշանի պատկերով սպիտակ պաստառ:

1.7 Կուսակցությունն ունի իր անվանումով, հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով և խորհրդանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ:

1.8 Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի գտնվելու վայրի հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Գ. Նժդեհ 12, 23:

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1. Կուսակցության գործունեության նպատակը հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցությունն է:

2.2. Իր նպատակին հասնելու ճանապարհին Կուսակցությունն առաջնային է համարում հետևյալ հիմնական խնդիրների լուծումը՝

  • ա)ժողովրդավարական ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում իր ներկայացուցչության ապահովումը և այդ ճանապարհով պետական իշխանության մարմինների ձևավորմանը, պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակցելը,
  • բ) մարդու կողմից իր իրավունքների և ազատությունների լիարժեք իրականացմանն աջակցելը,
  • գ) իրավական պետության կայացմանը նպաստելը,
  • դ) սոցիալական արդարության համակարգի ձևավորմանն աջակցելը,
  • ե) երկրի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրական բաժանման և դրանց միջև արդյունավետ հավասարակշռման գործընթացին օժանդակելը: