Ծրագիր

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում մասնակցություն ունենալու, բնակչության համար արժանավայել կենսակերպ ապահովելու և պետության զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու նպատակով:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության անդամները միավորվում են ազնվության, արդարության, համերաշխության, մարդասիրության ու հայրենասիրության գաղափարների շուրջ:

Երկրում առկա խնդիրների լուծումը «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը հնարավոր է համարում միևնույն բարոյական բարձր արժեքներ կրող, հանրային շահի կարևորությունը գիտակցող, հասարակության վստահությունը վայելող, ազնիվ անհատների և քաղաքական ուժերի համախմբման ու համագործակցության պարագայում:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը առաջնային է համարում երկրում ժողովրդավարական կարգերի ամրապնդումը, քաղաքացիական հասարակության զարգացումը, մարդու իրավունքների, ազատությունների պաշտպանությունն ու օրենքի և իրավունքի հավասարակշռված գերակայությունը:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ցենտրիստական քաղաքական ուժ է, որի քաղաքական պլատֆորմը հիմնված է պետական կառավարմանը և տնտեսական կարգերին վերաբերող սոցիալիստական և լիբերալ համակարգերի առավել արդարացված և արդյունավետ կիրառվող առանձին դրույթների համադրության վրա: Կուսակցությունն ընդունում է ազատական հիմքերով համակարգի գոյության անհրաժեշտութունը, սակայն քաղաքացիների սոցիալական ապահովության և սոցիալական արդարության անվերապահ գերակայության ու պետության կարգավորիչ դերակատարմամբ համակարգվող տնտեսության պայմաններում:

Որպես ցենտրիստական կուսակցություն «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը իր ողջ գործունեությամբ նպաստելու է երկրում ուժեղ միջին խավի ստեղծմանը, փոքր բիզնեսի, ձեռնարկությունների, ֆերմերային ագրոտնտեսությունների ու շրջակա միջավայրի պաշտպանությանը` որպես առաջնային գրավական Հայաստանի Հանրապետությունում իրական ժողովրդավարության ու բնակչության կենսամակարդակի բարձրացման:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության համար ազատական, ժողովրդավարական արժեքները ընդունելի են ազգային և ավանդական արժեհամակարգի պահպանության շրջանակներում: